ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Քաղաքացիական հասարակության իրական դեմքը

Քաղաքացիական հասարակության իրական դեմքը
03.04.2009 | 00:00

ՄԱՍՆԱՎՈՐ ՀԱՅԱՑՔ
1991-ից ի վեր մարդկանց գիտակցության մեջ երբեմն բավականին զուսպ, երբեմն խիստ կառչուն կերպով աշխատում են արմատավորել «դեմոկրատիա», «քաղաքացիական հասարակություն», «իրավական պետություն» ու այլ նմանատիպ, որքան ականջ շոյող, նույնքան էլ անորոշ հասկացություններ։ Տեղին է հիշել անգլիացի աշխարհահռչակ պատմաբան Առնոլդ Թոյնբիի խորհուրդը. «Ցանկացած բանավեճից առաջ ճշտեք տերմինները»։ Անմիջապես ասեմ, որ այս հոդվածի նպատակը «քաղաքացիական հասարակություն» տերմինի ճշտումն է, քանի որ այն բովանդակությունը, որը պարբերաբար մեզ է հրամցվում հատկապես կապույտ էկրաններից, իր մեջ ներառում է իրականության մի փոքրիկ մասը միայն` ավելորդ անգամ ապացուցելով, որ կիսաճշմարտություններն ավելի վտանգավոր են, քան բացահայտ սուտը։
Այսօր գրեթե բոլոր հեռուստաալիքներով երիտասարդ հաղորդավարուհիները (և ոչ միայն նրանք) ոգևորված պատմում են, թե ինչ հրաշքներ են սպասում մեզ քաղաքակիրթ պետությունների համերաշխ ընտանիքի շարքերը համալրելու դեպքում։ Թռուցիկ ասեմ, որ աշխույժ ու ժիր «պրոպագանդիստուհիների» մի բավականին ստվար զանգված է գոյացել, որոնց միակ տարբերությունն իրարից` արտասահմանյան տարբեր գաղափարախոսական ու այլ կենտրոններում կազմված և ուղարկված հանձնարարականների տեքստերի մի փոքր ավելի, մի փոքր պակաս չափով անգիր սերտելն է։ Նախքան բուն խնդիրների դիտարկմանն անցնելը ուզում եմ մի վերապահում անել։ Պետք է պարտադիր հաշվի առնել, որ համաշխարհային հիմնական քաղաքակրթությունների համադրման ժամանակ մեզ հարկ է ընկալել որպես ռուսական և առանձնապես Կարմիր կայսրությունների կողմից ստեղծած քաղաքակրթությունների թեև բացարձակապես անբաժան, բայց և շատ փոքր բաղկացուցիչը միայն։ Այնպես որ, այն բոլորը, ինչ կասվի նրանց մասին, վերաբերում է նաև մեզ։
Կարծում եմ, որ անգամ հականիշ բառերն իրարից ավելի քիչ են տարբերվում, քան նույն «դեմոկրատիա» բառի տեսական և գործնական իրողությունները։ Այն հովվերգական լուսապսակը, որը պարուրում է նրա տեսական գաղափարը, այն է` հունարեն demos-ժողովուրդ և kratos-ուժ բառերի համադրումից ենթադրվելիք իշխանության տեսակը իրականության մեջ ամենուրեք ակնթարթորեն հանգեցնում է պլուտոկրատիայի (plutos-հարստություն)` իր հետ բերելով այն ամենը, ինչն այսօր շրջապատում է մեզ։ Խունացած գաղափարին նոր փայլ տալու նկրտումով սկսել են շրջանառել այն դրույթը, թե` «մի փոքր էլ համբերեք, հիմա մենք արագ-արագ դրա հենքի վրա կտեղակայենք «քաղաքացիական հասարակություն» և «իրավական պետություն» կցորդները և կապրենք ինչպես «լուսավոր ապագայում»։
Իսկ ինչ է վերջապես այդ «քաղհասարակություն» ասվածը։ Ամենից առաջ ասեմ, որ հասարակության այդ տեսակը ծնունդ է առել ոչ դատարկ տեղում. այն առաջացել է Արևմտյան Եվրոպայում միջնադարի ավանդական հասարակությունների բեկորների վրա։ Այս վերջինս, շուրջ 1200 տարի որպես իդեալ ընդունելով ընտանիքի հասկացությունը, կազմավորել է, այսպես կոչված, պատերնալիստական (լատ. pater -հայր) պետություններ, որտեղ իշխանության և հպատակների հարաբերությունները եղել են հիերարխիական բնույթի և կառուցվել ճիշտ այնպես, ինչպես ընտանիքում հոր և զավակների հարաբերությունները։ Որպես ավանդական հասարակությունների դավանած բարոյականության արժեհամակարգի կրող և պահապան հանդես է եկել եկեղեցին։ Եվ ամենևին էլ պատահական չէր, որ հենց նա էլ բուրժուական հեղափոխությունների ժամանակաշրջանում հարուցում էր նոր հասարակություն կերտողների անզուսպ ատելությունը։ Ժամանակին տեղի «լուսավորիչների» նետած «ճզմեք սողունի գլուխը» կոչը հենց բառացիորեն էլ ընկալվեց ֆրանսիական մեծ հեղափոխության գործիչների կողմից, որոնք մեկ առ մեկ կտրեցին ֆրանսիացի շուրջ 30 հազար հոգևորականի գլուխ։ Իրենց բարձրացրած դրոշների վրա «Ազատություն, հավասարություն, եղբայրություն» խոստացող ուժերը մինչ օրս էլ միակն են աշխարհում (ավելացնենք ԱՄՆ-ը և տանք նրանց ընդհանուր «Արևմուտք» անունը), որոնց ստեղծած մշակույթի հիմքում դրված է մարդաբանական այն առասպելը, որը պնդում է, թե մարդ արարածն ի ծնե արյունարբու է։ Աշխարհի բոլոր մնացած մշակույթներում (քաղաքակրթություններում) համարվում է, որ մարդ արարածը կորցրեց դրախտն իր գործած մեղքի պատճառով, բայց իր բնական էության ելակետում նա ստեղծված է Աստծո պատկերով և նմանությամբ։
Քաղաքացիական հասարակության տեսության հիմնադիրներից մեկը` անգլիացի փիլիսոփա Ջոն Լոկկը, օգնում էր ԱՄՆ-ի ստրկատիրական կարգեր ունեցող նահանգների սահմանադրությունը կազմելուն և անգամ իր ունեցած բոլոր խնայողությունները ներդրեց, այսօրվա լեզվով ասած, ստրկավաճառության բիզնեսում։ Գործարար փիլիսոփա էր։ Նա իր համերկրացի գործընկեր Գոբսի հետ մշակեց այդ հասարակության հիմնադրույթները, որոնց առանցքը կազմում էր «մասնավոր սեփականության» գաղափարը։ Ահա թե որն էր ըստ Լոկկի քաղհասարակության հիմնական առաքելությունը. «Գլխավոր և հիմնական նպատակը, հանուն որի մարդիկ միավորվում են հանրապետությունների մեջ ու ենթարկվում կառավարություններին, իրենց սեփականության պահպանումն է»։ Դա քրիստոնեության քարոզած «արդարության թագավորության», որը մարդկանց հավաքում է եղբայրական համայնքի մեջ հանուն հոգու փրկության, լիակատար մերժումն էր։ Ամենից առաջ քաղհասարակություն հաստատելու համար անհրաժեշտ էր քայքայել մարդկանց միջև բոլոր տեսակի համայնքային և միասնական կապերն ու վերածել նրանց մարդ-ատոմների։ Սակայն մինչ այդ դրա կրոնական հիմնավորման անկյունաքարը դրել էր բողոքական քարոզիչ Մարտին Լյութերը, ով առաջինն էր, որ հիմնավորել էր պատերնալիստական պետության վերածումը դասակարգայինի, որտեղ որպես բարձրագույն ուժի ներկայացուցիչներ հանդես են գալիս ունևորները։ Այստեղ արդեն ոչ թե միապետն է Աստծո ներկայացուցիչը, այլ ունևորների դասակարգը։ Պետությունը դադարում է լինել «հայր», իսկ «ժողովուրդը»` ընտանիք։
Ռուսաստանը թե՛ կայսրության տարիներին, թե՛ ԽՍՀՄ տեսքով միշտ էլ եղել է ավանդական հասարակության դասական օրինակ։ Լինելով այդպիսին` Ռուսաստանը չէր կարող իր կազմի մեջ մտած ժողովուրդներին վերաբերվել ինչպես մետրոպոլիան գաղութներին։ Ավելին, նա ամեն ինչում օժանդակել է իր ծայրամասային նահանգներին և դրանով իսկ զրկված եղել Արևմուտքի օրինակով երեք դար շարունակ ունեցած գաղութները կողոպտելու ճանապարհով իր հետագա բարեկեցության իրական հիմքերը դնելու հնարավորությունից։ Ընդհանրապես, հազարամյակների ընթացքում ավանդական հասարակությունների կուտակած ներուժի մասին կարելի է պարզ պատկերացում կազմել` դատելով այն դիմադրությունից, որը հինավուրց պարսկական, արաբական, հնդկական և այլ փայլուն քաղաքակրթություններն այսօր ցույց են տալիս Արևմուտքի տոտալ ճնշմանը։ Ցավոք, մենք դրա մաս այլևս չենք կազմում։ Իմ մասնավոր դիտարկմամբ` առանց անցյալի մեջ խորանալու հայ եկեղեցին այսօր գտնվում է մի տեսակ մոլորված վիճակում ու չի գտնում իր տեղն օրեցօր ավելի գիշատչային դարձող բարքերի մթնոլորտում։ Հայտնի է, որ այլ քաղաքակրթության գրավիչ հատկանիշները «պատճենահանելու» և դրանք սեփական միջավայր տեղափոխելու փորձերը, որպես կանոն, հանգեցնում են ունեցած սեփական կառույցների քաոսի ու փլուզման։ Դժվար չէ պատկերացնել, թե մշակութային ինչ աղետի կհանգեցնեին 1946-1948 թվերին ամերիկացիների ձեռնարկած փորձերը` «բարեփոխելու» ճապոնական այբուբենը, ինչը նրանք անում էին ամենայն լրջությամբ, մեծ եռանդով և անգամ իրենց բռնած գործի կարևորությամբ հպարտ։ Իսկապես էլ, ինչի՞ է պետք այդ դժվար ընկալելի, անվերջանալի հիերոգլիֆների շարանը, եթե կարելի է լատինական այբուբենը հարմարեցնել տեղական պայմաններին ու հեշտացնել ճապոնացի մանուկների գործը։ Որքան էլ անհավանական թվա, ճապոնացիներին փրկեց... չինական հեղափոխությունը. ամերիկացիների ուշադրությունը բևեռվեց դրա վրա, ու մշակութային բարեփոխումներ անցկացնելու ժամանակ չմնաց։
Ասելիքս ուզում եմ ավարտել` ներկայացնելով մի դրվագ բարձրացված հարցի առնչությամբ համընդհանուր հեղինակություն վայելող Սերգեյ Կարա-Մուրզայից հետևյալ մեջբերմամբ. «1921-ին մայրս սովորում էր Տաշքենդի համալսարանում, երբ Պովոլժիեից սովյալ երեխաներ բերեցին այնտեղ։ Յուրաքանչյուր ՀամԿ(բ)Կ անդամ և յուրաքանչյուր կոմերիտական պարտավոր էր իր ուսանողական պարենաչափից կերակրել մի երեխայի` նրան բաժին հանելով այնքան, որքան թելադրում էր խիղճը։ Դատելով նրա համակուրսեցիների լուսանկարներից, խիղճը թելադրում էր այնպես, որ գրեթե բոլոր ուսանողների դեմքերն ուռած էին սովից։ Իսկ այսօր Աջ ուժերի միության կուսակցականների և ամեն տեսակի կապիտալիստական երիտասարդության միության անդամների դեմքերն ուռած են որկրամոլությունից։ Հենց սրանում է քաղաքակրթությունների տարբերությունը»։
Ռուբեն ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4580

Մեկնաբանություններ